ԱՅԼԵՒԱՅԼ

Խմբագրական․Ինչու՞

Խմբագրական․Ինչո՞ւ
Ավելի քան ութ տարի է՝ մասնագիտական աշխատանքի բերումով սկսել եմ զբաղվել Հայ սփյուռքին առնչվող գիտակրթական խնդիրներով։ Դրանց շուրջ իմ պրպտումները տարան Սփյուռքի տարբեր հարթակներ։ Հնարավոր եղավ ներսից տեսնել հայապահպանությանն առնչվող շատ խնդիրներ, մեծ հայրենադարձության կաշկանդման որոշ պատճառների արմատներ։ Այդ ճանապարհին զուգահեռներ եմ անցկացրել իմ դիտարկման առարկա դարձած դասական և ոչ դասական մի շարք հայկական համայնքների կենսագործունեության ներկա փորձի միջև։ «Սփյուռք» ամառային դպրոցի միջոցով հասցրել եմ ծանոթանալ հարյուրավոր սփյուռքահայերի կողմից ոլորտի շուրջ հաճախ բարձրացվող հարցերի վերաբերյալ ունեցած տարաբնույթ տեսակետներին։
Ինչ խոսք, մեր սփյուռքի շուրջ խնդիրները բազմաթիվ են։ Սակայն, գլխավոր խնդիրներից մեկը, որ արձանագրեցի այդ տարիների ընթացքում, դա տեղեկատվական փոխկապակցվածության թույլ, շատ դեպքերում բացակայող պատկերն է։ Ժամանակին և այսօր էլ գործող ԶԼՄ-ի շրջանակում հարցը, լավագույն դեպքում, արտացոլվել է որոշակի դիրքերից և ոչ համահավաք։ Արդեն գոյություն չունեցող Սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող «Հայերն Այսօր» համացանցային պարբերականն այդ բացը լրացնելու հուսադրող հայտ էր ներկայացրել։ Այն, սակայն, ավարտվել է պարբերականի փակվելու հետ միասին։
Հարց է առաջանում․ որքանո՞վ ենք միմյանց մասին տեղեկացված։ Այս հարցն է, որ մղեց ինձ ստեղծելու «Համասփյուռք» ռադիոհաղորդումը։ Երեք տարի ժամանակահատվածում ավելի քան 120 եթերի շրջանակում խոսել եմ Սփյուռքի հիմնախնդիրների շուրջ և այսօր էլ շարունակում եմ այդ գործը իրականացնել։ Մյուս կողմից որոշակի զարգացումներ գալիս են փաստելու, որ արդեն ժամանակն է ներկայացման հարթակի տեսակետից նոր աստիճան անցնել։ Վաղուց հասունացած գաղափարներիցս մեկը այսօր իրականաություն եմ դարձնում։ Ձեր դատին եմ ներկայացնում «spyurk.info» լրատվական-վերլուծական նոր նախագիծը։ Այն ամբողջությամբ միտված է լինելու տեղեկատվական առումով Սփյուռքը մեկ հարթակից հասանելի դարձնելուն։ Հավատացած եմ, որ համահայկական օրակարգում նման հարթակը ժամանակի ընթացքում իր ուրույն տեղն է զբաղեցնելու։ Դրան հասնելու լավագույն միջոցն էլ համատեղ աշխատանքն է։ Ուստի, մեծապես օգտակար եմ համարում Սփյուռքի մեր հայրենակիցների հետ տեղեկատվության փոխանակման մշակույթի ձևավորումը։ Ինչպես նաև , կարևորում եմ այն գործընկերներիս մասնագիտական աջակցության անկեղծ մղումները, որոնք արտահայտվելու են մեր հարթակում առանձին հոդվածների և լրատվական նյութերի տեսքով։ 
Մնացածը ընթացքում․․․
Մհեր Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով