Սփյուռքը մեկ հարթակում. spyurk.info նախագծի մեկնարկը
Ավելի քան ութ տարի է, ինչ մասնագիտական գործունեությունս անմիջականորեն առնչվում է Հայ Սփյուռքի գիտակրթական հիմնախնդիրներին։ Այս ընթացքում տարբեր համայնքային հարթակներում իրականացված հետազոտություններն ու պրպտումները հնարավորություն տվեցին «ներսից» դիտարկել հայապահպանությանն առնչվող մարտահրավերները և վեր հանել մեծ հայրենադարձության գործընթացը կաշկանդող խորքային պատճառները։
Իմ դիտարկումների առանցքում մշտապես եղել է դասական և ոչ դասական հայկական համայնքների կենսագործունեության զուգահեռների վերլուծությունը։ «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում հարյուրավոր սփյուռքահայերի հետ անմիջական շփումները թույլ տվեցին համակողմանի պատկերացում կազմել ոլորտի շուրջ առկա տարաբնույթ, երբեմն նաև հակադիր տեսակետների մասին։
Տեղեկատվական բացը և «Համասփյուռքի» փորձառությունը
Սփյուռքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շարքում, թերևս, ամենաառանցքայինը տեղեկատվական փոխկապակցվածության թուլությունն է, իսկ շատ դեպքերում՝ դրա իսպառ բացակայությունը։ Գործող լրատվամիջոցները հարցը ներկայացնում են հատվածական՝ չապահովելով համահավաք պատկեր։ Ժամանակին Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը փորձում էր լրացնել այդ բացը, սակայն կառույցի լուծարմամբ դադարեց նաև այդ կարևոր նախաձեռնությունը։
«Որքանո՞վ ենք տեղեկացված միմյանց մասին»․ հենց այս հարցադրումը դարձավ «Համասփյուռք» ռադիոհաղորդման ստեղծման հիմնաքարը։ Երեք տարվա ընթացքում շուրջ 120 եթերաժամ ենք նվիրել Սփյուռքի հիմնախնդիրներին, և այդ գործն այսօր էլ շարունակական է։
Նոր փուլ. spyurk.info
Այսօր հասունացել է պահը՝ տեղեկատվական հարթակը բարձրացնելու որակական նոր աստիճանի։ Ձեր դատին եմ ներկայացնում spyurk.info լրատվական-վերլուծական նախագիծը։
Մեր նպատակը մեկն է՝ ստեղծել միասնական հարթակ, որտեղ Սփյուռքի մասին տեղեկատվությունը կլինի հասանելի, համակարգված և մասնագիտական վերլուծության ենթարկված։ Մենք հավատացած ենք, որ spyurk.info-ն իր ուրույն տեղն է զբաղեցնելու համահայկական օրակարգում։
Այս նպատակին հասնելու գրավականը համատեղ աշխատանքն է։ Մենք կարևորում ենք՝
Տեղեկատվական փոխանակման մշակույթի ձևավորումը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։
Գործընկերային աջակցությունը, որը կդրսևորվի մասնագիտական հոդվածների և օբյեկտիվ լրատվության տեսքով։
Մնացածը՝ ընթացքում։
Մհեր Հովհաննիսյան spyurk.info նախագծի հիմնադիր-խմբագիր

