SPYURK.info նախագիծ
Ողջույն, հարգելի՛ բարեկամ
Ես Մհեր Հովհաննիսյանն եմ՝ պատմաբան, հասարակական գործիչ և spyurk.info լրատվական-վերլուծական հարթակի հիմնադիրը։ Իմ մասնագիտական գործունեությունն անմիջականորեն առնչվում է Հայ Սփյուռքի գիտակրթական հիմնախնդիրներին։ Այս տարիների ընթացքում տարբեր համայնքային հարթակներում իրականացված հետազոտություններն ու պրպտումները հնարավորություն տվեցին «ներսից» դիտարկել հայապահպանությանն առնչվող մարտահրավերները և վեր հանել մեծ հայրենադարձության գործընթացը կաշկանդող խորքային պատճառները։
Իմ դիտարկումների առանցքում մշտապես եղել է դասական և ոչ դասական հայկական համայնքների կենսագործունեության զուգահեռների վերլուծությունը։ «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում հարյուրավոր սփյուռքահայերի հետ անմիջական շփումները թույլ տվեցին համակողմանի պատկերացում կազմել ոլորտի շուրջ առկա տարաբնույթ, երբեմն նաև հակադիր տեսակետների մասին։
Տեղեկատվական բացը և «Համասփյուռքի» փորձառությունը Սփյուռքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շարքում, թերևս, ամենաառանցքայինը տեղեկատվական փոխկապակցվածության թուլությունն է, իսկ շատ դեպքերում՝ դրա իսպառ բացակայությունը։ Գործող լրատվամիջոցները հարցը ներկայացնում են հատվածական՝ չապահովելով համահավաք պատկեր։ Ժամանակին Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը փորձում էր լրացնել այդ բացը, սակայն կառույցի լուծարմամբ դադարեց նաև այդ կարևոր նախաձեռնությունը։
«Որքանո՞վ ենք տեղեկացված միմյանց մասին»․ հենց այս հարցադրումը դարձավ «Համասփյուռք» ռադիոհաղորդման ստեղծման հիմնաքարը։ Այս տարիների ընթացքում շուրջ 183 եթերաժամ ենք նվիրել Սփյուռքի հիմնախնդիրներին, և այդ գործն այսօր էլ շարունակական է։
Նոր փուլ. spyurk.info Այսօր հասունացել է պահը՝ տեղեկատվական հարթակը բարձրացնելու որակական նոր աստիճանի։ Ձեր դատին եմ ներկայացնում 31․12․2019թ․-ին հիմնադրված spyurk.info լրատվական-վերլուծական նախագիծը։ Սա իմ հեղինակային նախաձեռնությունն է, որտեղ նպատակ եմ դրել ստեղծել միասնական հարթակ՝ կենտրոնացնելով Սփյուռքի առօրյա անցուդարձը, համայնքային նորություններն ու Հայաստանում Սփյուռքին առնչվող առանցքային հարցերը։
Հարթակը գործում է բացառապես իմ անձնական միջոցներով, չի հետապնդում շահույթ և զերծ է քաղաքական կամ խմբային շահերի ազդեցությունից։
Մեր սկզբունքները և համագործակցությունը
Բաց հարթակ. Մենք բաց ենք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Սփյուռքի համայնքների կյանքը լուսաբանելու անկեղծ մղում և պատրաստակամություն։
Կամավորական սկզբունք. Ցանկացած անհատ կարող է միանալ նախագծին որպես կամավոր լրագրող։ Գրանցումից հետո մեր գործընկերներին կփոխանցվեն նյութերի հրապարակման տեխնիկական ուղեցույցները։
Գործընկերություն. Նախագիծը պատրաստակամ է հաստատելու նոր գործընկերային կապեր՝ ուղղված հայկական աշխարհի տեղեկատվական կապի ամրապնդմանը։
Միացե՛ք մեր նախաձեռնությանը՝ միասին ձևավորելու Սփյուռքի իրական պատկերն արտացոլող տեղեկատվական դաշտ։
Հարգանքով՝ Մհեր Հովհաննիսյան
spyurk.info նախագծի հիմնադիր-խմբագիր

