Սփյուռքի ռազմավարական վերակազմակերպման փորձերը. Կալիֆոռնիական քննարկումների ամփոփում
2026 թվականի մարտի 12-15-ը Կալիֆոռնիայում տեղի ունեցած իրադարձությունների շղթան՝ ՀՅԴ Արևմտյան Շրջանի «Սփյուռք» խորհրդաժողովի հանձնախմբի նախաձեռնությամբ, բացահայտեց սփյուռքյան կազմակերպված կառույցների ներկայիս հիմնարար երկընտրանքը։ Սա փորձ էր՝ արձագանքելու հետպատերազմյան իրականությանը և Երևանի կողմից առաջ քաշվող նոր համագործակցային մոդելներին, որոնք հաճախ վերանայում են ավանդական ինստիտուտների դերը։
Գործընթացը մեկնարկեց մարտի 12-ին Գլենդեյլի «Գրիգոր և Մարիամ Գարամանուկյան» կենտրոնում կայացած հանրային բանավեճով։ Քննարկմանը մասնակցում էին սփյուռքագետ դոկտ. Խաչիկ Թյոլյոլյանը, միջազգային հարաբերությունների մասնագետ դոկտ. Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Տ. Գարեգին քհն. Պետուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Խաժակ Մկրտիչյանը և փաստաբան ու համայնքային գործիչ Լարա Երեցյանը։ Բանախոսներն ընդգծեցին, որ 21-րդ դարում սփյուռքի «ռազմավարական ակտիվը» ոչ թե լոկ զգացմունքային կապն է, այլ տեխնոլոգիական, AI և ցանցային հնարավորությունները։ Փորձագիտական ելույթներում հնչած «ստրատեգիական գործընկերության» թեզը, սակայն, կարելի է դիտարկել որպես հայտ՝ պահպանելու սեփական քաղաքական կշիռը մի ժամանակաշրջանում, երբ պաշտոնական Երևանը հակված է ավելի ապակենտրոնացված և անհատականացված կապերի։
Հաջորդած մարտի 14-15-ի ներքին խորհրդաժողովը Բըրբենքի «Պեշիր Մարտիրոսեան» կենտրոնում կենտրոնացավ ինստիտուցիոնալ դիմադրողականության վրա։ Ինն աշխատանքային նիստերի ընթացքում կրթության, լեզվի, երիտասարդության և Հայ Դատի վերաիմաստավորման հարցերը դիտարկվեցին որպես քաղաքական գոյատևման բաղադրիչներ։ Թեև շեշտվեց «բազմաշերտ անդրազգային ցանց» դառնալու հրամայականը, ակնհայտ էր, որ այս օրակարգը դեռևս սահմանափակված է որոշակի աշխարհագրական և գաղափարական շրջանակով։
Չնայած խորհրդաժողովի աշխատանքային բնույթին, կազմակերպիչները հստակ ակնարկեցին, որ Բըրբենքի քննարկումները դուրս են գալու ներքին սահմաններից։ Սա դիտարկվում է որպես հանրային երկարատև երկխոսության մեկնարկ, որի նպատակն է սենյակային զրույցները վերածել համազգային նշանակության ծրագրերի։ Սփյուռքի այս հատվածը փորձում է իր ներքին ախտորոշումը դարձնել հանրային սեփականություն՝ փոփոխվող ազդեցության գոտիների և հարաբերությունների նոր մոդելների պայմաններում սեփական տեղն ու դերը վերահաստատելու համար։

