«Առաջին պատմություն։ Արյուն ու լեզու» ստեղծագործական երեկո Սամարայում

Մայիսի 1-ին Սամարայում «KARMIR III» նախագիծը կանցկացնի «Առաջին պատմություն։ Արյուն ու լեզու» խորագիրը կրող ստեղծագործական երեկո։ Նախագծի հիմնադիրներն են նկարիչ Նարինե Սարգսյանը, բանաստեղծ Ռոման Մնացականովը և երգչուհի Աննա Ավագյանը: Հայ ազգի ոգու ձայնի` դուդուկի նվագակցությամբ ստեղծագործական երեկոյին ներկայացվելու է ռուս մեծ բանաստեղծ Օսիպ Էմիլի Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծությունների շարքը: Սամարայի երաժիշտների կատարումների ընթացքում կհնչի դասական, ժամանակակից և ժողովրդական հայկական և ռուսական երաժշտություն։ Միևնույն ժամանակ անց է կացվելու նկարների հեղինակային ցուցահանդես:

Այս կերպ նախագծի հեղինակները փորձել են համադրել հայկական և ռուսական մշակույթի բազմաթիվ զուգահեռներ ունեցող մի քանի ուղղություններ՝ յուրովի մեկնաբանելով Հայաստանն ու հայերին։ Ձևաչափ, որը հնարավորություն պետք է տա ռուսաստանցուն հասկանալու հայկականը, իսկ հային՝ ռուսականը։ Կազմակերպիչներն ակնկալում են թե՛ տեղական իշխանությունների, մտավորականության, գործարար շրջանակների, թե՛ համայնքի և Սամարայի բազմազգ հանրության ակտիվ մասնակցությունը միջոցառումներին։

Նշենք, որ մայիսի 2-ին և 3-ին ցուցահանդեսի մուտքն անվճար է։

Նախագծի ֆինանսավորման բեռը ստանձնել են «Հայ համայնք» Սամարայի մարզային հասարակական կազմակերպությունը, Հայ երիտասարդների միությունը և մի շարք ընկերություններ։