14 Դեկտեմբերի, 2024

Հայոց ցեղասպանության թեմատիկ մուլտիմեդիոն ցուցադրություն Դոնի Ռոստովում

Հայոց ցեղասպանության թեմատիկ մուլտիմեդիոն ցուցադրություն Դոնի Ռոստովում
Ապրիլի 11-25-ը, «Ռուսաստան — իմ պատմությունը» («Россия — моя история») համառուսաստանյան պետական թանգարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղում անցկացվել է «Ո՛Չ ցեղասպանությանը» խորագրով մուլտիմեդիոն ցուցահանդես։
Դոնի Ռոստովի հայ համայնքը Սփյուռքի այն կենտրոններից է, որտեղ Հայոց ցեղասպանության հարցը միշտ բարձրաձայնվել և ներկայացվել է տարբեր մակարդակներում։ Այսօր՝ հայ ազգի համար այս դժվար ժամանակներում Հայոց ցեղասպանության հարցն առավել քան օրվա խնդրի հետ զուգահեռներ է գծում։ Նոր թափով գլուխ է բարձրացել հակահայկական քարոզչությունը, որի դեմ պետք է պայքարել առավել կազմակերպված և ժամանակակաից գործիքակազմով։ Այս ամենի հետ միասին խիստ կարևոր է, որ օտար երկրներում անդադար վեր հանվեն հայտնի իրադարձությունների պատմության իրողությունները։ Փաստեր, որոնք առավել քան խոսուն են և անհերքելի։ Մի բան, որի իրականացմանը ամենայն պատասխանատվությամբ լծվեցին Դոնի Ռոստովի հայ երիտասարդները։ Նրանց շարքերում էին միավորվել դիզայներներ, պատմաբաններ, բանասերներ և մարկետոլոգներ։ Տեղի մեր երիտասարդներն ավելի քան մեկ տարի աշխատել են ծրագրի վրա։ Մեծ ջանքեր են պահանջվել, որպեսզի հնարավորություն ընձեռնվի բարձրաձայնելու այսքան սուր հարցեր և ներկայացնելու դրանք նման մեծ հարթակում։
«Ռուսաստան — իմ պատմությունը» թանգարանը Ռուսաստանի Դաշնությունում ամենամեծ էկսպոզիցիոն թանգարանային համալիրն է, որը հագեցված է գերժամանակակից տեխնիկական միջոցներով։ Վերոնշյալ միջոցառումը համարվում է այս թեմատիկ շարքում թանգարանային առաջին համատեղ ծրագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև։
Հատկանշական է, որ նախագծի կազմակերպիչների՝ Դոնի հայ երիտասարդների միության հետ համատեղ հանդես են եկել Ռուսաստանի և Հայաստանի տարբեր կառույցներ։ Դրանցից են «Ռուսաստան — իմ պատմությունը» թանգարանը և Դոնի Նախիջևանի հայ համայնքը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով