Հարցազրույց․«ARMOSPHERE» նախագծի մասին պատմում է հիմնադիրը
Ռուսաստանում և ԱՄՆ-ում վերջին շրջանում գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում հայկական միջազգային «ARMOSPHERE» նախագիծը որի հեղինակի հետ էլ այսօր զրուցել ենք:
Էդմոն Առաքելյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում: Ծնողները Հայաստանից են, Լուսակունք գյուղից: Ավարտել է երկու համալսարան, ունի մարդու միջազգային իրավունքների պաշտպանի մագիստրոսի աստիճան:
-Էդմո՛ն, ո՞ր տարիքից եք հետաքրքրվել Ձեր արմատներով:
-Չնայած այն բանին, որ ես ծնվել եմ Ռուսաստանում, մանկության տարիներից հետաքրքրվել եմ իմ արմատներով, ինքնուրույն ուսումնասիրել եմ մեր մշակույթն ու պատմությունը: 19 տարեկանում ընդունվեցի Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորեցի գրել և կարդալ հայերեն: Ինչպես նաև 4 տարի երգել եմ երաժշտական անսամբլում:
-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել «ARMOSPHERE»-ը:
-«ARMOSPHERE»-ը ստեղծեցի 20 տարեկանում, որի նպատակն է համախմբել բոլոր հայերին մեկ հարթակի ներքո, այն հայերին, ովքեր կիսում են իմ սերը Հայաստանի և նրա հարուստ մշակույթի հանդեպ: Շատ ենք գրում նաև հայերի ձուլման խնդիրների մասին: Մեզ համար շատ կարևոր է մեր տեսակի պահպանումը հայրենիքից հեռու: Նախագիծը միջազգային է, քանի որ մեր հրապարակումները երեք լեզուներով են՝
հայերեն, ռուսերեն և անգլերեն: Նկարում ենք վիդեո նյութեր, որոնք բացառապես կապված են հայկական թեմատիկայի հետ, դրանք կարող եք գտնել YouTube-ում:
-Մենք տեղյակ ենք, որ Դուք 2018 թվականին մասնակցել եք Մոսկվայում կայանալիք մի գրքի շնորհանդեսի , ո՞վ էր հեղինակը, ի՞նչ գիրք էր:
-2018թ. մայիսի 31-ին ինտերնետում կարդացի, որ ադրբեջանա-թուրքական պատվիրակությունը պատրաստվում է անցկացնել ամերիկացի գրող Էդվարդ Էրիկսոնի գրքի շնորհանդեսը, որում հեղինակը հերքում է Հայոց Ցեղասպանության փաստը: Ինձ համար դա աձնական վիրավորանք էր, քանի որ ցեղասպանությունը առնչվել է նաև իմ նախնիներին: Ես զանգահարեցի ընկերներիս, մենք որոշեցինք ներկա գտնվել այդ միջոցառմանը և այն բոյկոտել: Մոսկվայի Գրքի Տանը ներկա էին քառասունից ավելի ադրբեջանական և թուրքական ներկայացուցիչներ, ներկա էր նաև ռուսական հայտնի հակահայ լրագրող Ֆուադ Աբբասովը: Սկզբում նրանք կարծել էին, թե մենք ադրբեջանցիներ ենք, բայց երբ ես և ընկերներս սկսեցինք խոսել գրքի հեղինակի հետ անգլերեն և բացատրել, որ նա սխալվում է, նրանք հասկացան, որ մենք հայեր ենք: Մենք սկսեցինք հարցել տալ պատմությունից, որոնց չկարողացավ պատասխանել Էդվարդ Էրիկսոնը: Դեռ ավելին, ես ինձ հետ տարել էի կնքված պատմական փաստթղթեր, որոնք ապացուցում էին Հայոց Ցեղասպանության փասը, օր.՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի նամակները, որոնցում գրված է Արևմտյան Հայաստանի կոտորածների մասին: Ներկայացուցիչները նույնպես չկարողացան ժխտել պատմական փաստերը: Չնայած նրանք փորձում էին հրահրել մեզ, բայց ակցիան անցավ առանց էմոցիաների, ծեծկռտուքի և վիրավորանքների: Մենք կարողացանք հասնել արդարության և նրանք դադարեցրեցին միջոցառումը:
—Ի՞նչ արձագանք ունեցավ այդ ակցիան համացանցում:
-Միջոցառումը մենք նկարահանել էինք և այն շատ կարճ ժամանակահատվածում YouTube-ում ունեցավ 100.000 դիտում: Մեր ակցիայի մասին շատ թերթեր և ալիքներ գրեցին ու խոսեցին: Ինձ համար հաճելի էր, որ շատ հայեր սկսեցին ճանաչել մեզ, մենք հպարտ էինք, որ բարձր ենք պահել մեր պատիվը:
-Էդմո՛ն, ի՞նչ է պետք հայ երիտասարդին սփյուռքում հայ մնալու համար:
-Սփյուռքահայությունը պետք է պահի իր հայկական ինքնագիտակցությունը, ուսումնասիրի հայոց պատմությունն ու մշակույթը: Կարևոր է, որ խոսեն հայերեն, գոնե տանը: Պատմությունը ցույց է տալիս, որ ցավոք, երկրորդ, երրորդ սերունդը կորցնում է իր կապը հայրենիքի հետ: Այն հայերը, ովքեր վերադառնում են հայերնիք, անպայման պետք է նաև իրենց կապիտալը ներդնեն հայրենիքի զարգացման համար, պետք է ակտիվ մասնակցեն նրա կյանքին:
-Քանի որ Դուք Ձեր կրթությունը ստացել եք նաև ԱՄՆ-ում և ծանոթ եք և՛ ամերիկյան սփյուռքին և՛ ռուսաստանյան, ի՞նչ տարբերություններ կնշեք երկու համայնքների միջև:
-Շատ հաճախ եմ լսում, թե ԱՄՆ-ում հայերն ավելի ակտիվ են, քան Ռուսաստանում, բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ: Համայնքների ակտիվությունը միշտ չէ, որ կախված է իրենցից: Շատ հաճախ դա կախված է այն երկրից, որում ապրում է տվյալ համայնքը: Ամեն բան հարաբերական է: Օրինակ, Լոս Անջելեսում ապրիլ 24-ին հազարավոր հայեր դուրս են գալիս փողոցներ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունման պահանջով: Մոսկվայում մեզ տրվում է շատ փոքր տարածք, որտեղ մենք չենք կարողանում մեծածավալ միջոցառումներ իրականացնել: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ Ռուսաստանի հայերը իրենք իրենց էլ են թերագնահատում, քանի որ քիչ են տեղեկացված համայնքի գործունեության մասին: Սփյուռքահայության գիտակցության վրա շատ մեծ ազդեցություն ունի այն երկիրը, որում ապրում են: Ամերիկահայերի մեջ շատերին կհանդիպեք, որ նորմալ են վերաբերվում ԼԳԲՏ շարժմանը, իսկ ռուսահայությունը ավելի ավանդապաշտ է, քանի որ պետական պրոպագանդա չի վայելում այդ շարժումը:
—Էդմո՛ն, ի՞նչ ծրագրեր ունենք ապագայում:
-Այս պահին աշխատում եմ որպես իրավաբան, ակտիվ մասնակցում եմ հայկական համայնքի գործունեությանը և շարունակում եմ զարգացնել «ARMOSPHERE» միջազգային ծրագիրը: Հուսով եմ՝ վաղ թե ուշ, կվերադառնամ Հայաստան և մեկընդմիշտ կապրեմ իմ հայրենիքում:
Հարցազրույցը վարեց «spyurk.info» կամավոր թղթակից Շահանե Հարությունյանը