Մոնրեալի բարեգործական համերգի հասույթը կուղղվի Հայաստանի մարզերի երեխաների երաժշտական ծրագրերին

Մոնրեալի բարեգործական համերգի հասույթը կուղղվի Հայաստանի մարզերի երեխաների երաժշտական ծրագրերին

 «Երաժշտական շրջապտույտ» համերգաշարի շրջանակում մարտի 9-ին ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեց Մոնրեալի դասական նվագախմբի (Orchestre Classique de Montréal – OCM, խմբավար Բորիս Բրոթ) «Երևանից Մոնրեալ» խորագիրը կրող բարեգործական համերգը։ Իր մասնակցությունն ունեցավ հանրահռչակ սոպրանո, մոնրեալաբնակ Ալին Գութանը: Համերգը կայացավ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի հովանու ներքո։ Համերգի հիմնական նպատակն էր հանդիսատեսի նվիրատվությունների շնորհիվ նպաստել Հայաստանի մարզերում «Ատգեն Արմենյան» հիմնադրամի կողմից իրականացվող երեխաների երաժշտական ծրագրերի ֆինանսվորմանը։

Ներկայացվեցին Արամ Խաչատուրյանի, Գևորգ Անդոնյանի (ժամանակակից կանադահայ ստեղծագործող)  և  Արմեն Տիգրանյանի որոշ ստեղծագործություններ։

Հատկանշական է, որ համերգի ընթացքում առաջին անգամ հնչեցին Գևորգ Անդոնյանի «Ողբ» և «Վերածնունդ» երաժշտական գործերը, որոնք նվիրված էին Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած մեր քաջերին։

Համերգը եզրափակվեց «Անուշ» օպերայից հատվածներով: Ալին Գութանը համառոտ կերպով ներկայացրեց Անուշի և Սարոյի սիրային պատմությունը՝  համեմատելով այն այլ օպերային հայտնի գործերի հետ, ինչպիսիք են Ռոմեոն և Ջուլիետը կամ Տոսկան։ Նա հավելեց, որ «Անուշ» օպերան ևս արժանի է միջազգային ճանաչման: Հետաքրքիր է, որ  Ալին Գութանը դեռ 2001 թ․ Միշիգանի օպերային թատրոնում հանդես է եկել Անուշի դերում (Րաֆֆի Արմենյանի ղեկավարությամբ), ինչպես նաև 2008 թ․ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Առհասարակ, ինչպես նշում է հիմնադրամի ղեկավար Վան Արմենյանը, Ալին Գութանի հետ համագործակցությունը հիմնադրամի համար կարևոր նշանակություն ունի։ Հայտնի սոպրանոն 2019 թ․ ամռանը հրավիրվել է Հայաստան դասավանդելու և իր մասնագիտական հմտությունները փոխանցելու «Ատգեն Արմենյան» հիմնադրամի կողմից կազմակերպված «Զարթոնք» միջազգային երաժշտական ակադեմիայի վոկալ բաժնի աշակերտությանը։

Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, «Երևանից Մոնրեալ» համերգը կարելի է դիտել նաև համացանցային հեռարձակմամբ։ Այն հասանելի է մինչև սույն թվականի մարտի 23-ը։ Այս կերպ համերգի մասնակիցները կկարողանան միանալ Հայաստանի երիտասարդ սերնդին ուղղված բարեգործական նախաձեռնությանը։ Մանրամասներին ծանոթանալու համար մուտք գործեք https://bit.ly/ticketingfromyerevantomtl։

«spyurk.info» կամավոր թղթակից Լիանա Խոշբեկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով