14 Հոկտեմբերի, 2024

Բեյրութահայությանն աջակցելու առաջին արձագանքները․ Դոնի Ռոստով

Բեյրութահայությանն աջակցելու առաջին արձագանքները․ Դոնի Ռոստով
Օգոստոսի 4-ին Բեյրութի ծովեզրյա շրջանում՝ հայահոծ հայկական թաղամասերի հարևանությամբ տեղի ունեցած մեծ պայթյունի պատճառով լուրջ վնասներ են ստացել մեր հայրենկիցներին պատկանող ինչպես բնակելի, այնպես համայնքային կառույցների շինությունները, եկեղեցիներն ու դպրոցները։ Այս աղետի պատճառով մեծ թվով վիրավորներ կան, քիչ չէ նաև զոհերի թիվը։ Ցավոք նրանց թվում նաև հայեր կան։ Այս իրավիճակում Բեյրութի մեր հայրենակիցները չպետք է միայնակ մնան։ Նման մտորումների մեջ հանկարծ լսում ենք, որ Լիբանանից հեռու գտնվող Ռուսաստանի Դոնի Ռոստովի հայկական համայնքի երիտասարդական կառույցը օգնության ձեռք մեկնելու քայլեր է նախաձեռնում։ Կառույցի ղեկավար Գևորգ Գրիգորյանը մեր հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց, որ իրենք դրամահավաք են սկսում ի աջակցություն բեյրութահայության։ Նա լիահույս է, որ իրենց այս քայլը արձագանք կստանա նաև հայահոծ սփյուռքի և հայրենիքի տարբեր անկյուններում։ Երիտասարդների այս նախաձեռնությունը անխոս արժանի է բարձր գնահատականի։ Ստորև ներկայացնում են կառույցի տարածած ռուսալեզու հայտարարության հայերեն թարգմանությունը․
«Դոնի հայ երիտասարդական միությունը հայտարարում է դրամահավաք` Բեյրութի հայ համայնքին սատարելու համար:
Երեկ և այսօր մենք անհանգստությամբ հետևում ենք, թե ինչպես հսկայական պայթյունը “հողին հավասարեցրեց” Բեյրութը: Ոչնչացրեց երկար տարիների ընթացքում քար առ քար և մեծ սիրով ստեղծված հայ համայնքը՝ Բուրջ Համուդը, եկեղեցիները, դպրոցներն ու մանկապարտեզները, հայ մշակույթի կենտրոնները:
Տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, թե ինչ ազդեցություն է ունենալու պայթյունը Լիբանանի՝ առանց այդ էլ ծանր տնտեսական իրավիճակի վրա:
Եկե՛ք մտածենք Լիբանանի հայ համայնքի մասին, որի ուսերին անասելի մեծ բեռ է իջել: 
Բուրջ Համու՛դ, ապրի՛ր:
Այս բառերով ենք ուզում սկսել աջակցել Լիբանանում ապրող մեր քույրերին ու եղբայրներին: 
Հատուկ այս առիթով և յուրաքանչյուրիս հարմարության համար,  մենք քարտային հաշիվ ենք բացել «Սբերբանկ»-ում։ Ձեր օգնությունը կարող եք փոխանցել 4274320049079109 հաշվեհամարին։ Քարտը բացված է Սահակյան Տատյանա Սարգսի անունով։
Դրամահավաքի ամբողջ գումարը կփոխանցվի Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկյան Կաթողիկոսարանին՝ վերացնելու համար պայթյունի հետևանքները: 
Պատմությունն ապացուցել է, որ դուք ուժեղ եք: Մենք հավատում ենք, որ դուք նորից ոտքի կկանգնեք: Մենք ձեզ հե՛տ ենք, մենք մեր օգնության ձեռքն ենք մեկնում  ձեզ:
Հայերն անպարտելի են: 
Դո՛ւք, անպարտելի եք»։
Շատ հատկանշական այն հանգամանքը, որ այս քայլը կազմակերպողներից միայն Գևորգն է եղել Բեյրութում։ Ինքն էլ ծանոթացրել ժամանակին իր ընկերներին այս մեծ պատմություն ունեցող համայնքի մասին իր ընկերներին։ Անկեղծորեն հուզմունք և մեծ հպարտություն ես ապրում, երբ տեսնում ես նման մղումներ։ Ուզում ես գոռալ․«Բուրջ Համու՛դ, ապրի՛ր»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով