Արվեստի և բարեգործության հայրենանպաստ համադրման բանաձևը

Արվեստի և բարեգործության հայրենանպաստ համադրման բանաձևը
Հայրենիքին աջակցելու գործին այսօր Սփյուռքի շատ հայրենակիցներ են միացել։ Նրանցից շատերը այդ նվիրական գործը իրականացնում են առանց բարձրաձայնելու։ Արդյունքում, Հայրենիքում էլ այս մասին հաճախ ոչ մի պատկերացում չենք ունենում։ Կրկին արած-չարածների շուրջ հնչում են տեսակետներ։ Այս մասով մենք փորձելու ենք, անկախ աջակցության ծավալների, անդրադառնալ առանձին օրինակների և պատկերացում կազմել դրանցից յուրաքանչյուրի արդյունավետության շուրջ։ Եվ այսպես, առաջին նման օրինակին ծանոթացանք «Ամերիկայի ձայն»-ի 2019 թվականի դեկտեմբերի 13-ի տեսանյութի միջոցով։ Մեր կամավոր թղթակից Սուսաննա Ասատրյանին հաջողվեց կապ հաստատել նյութի հերոսուհու հետ։
Հայրենասիրությունը լոկ բառ չէ, նվիրում է, վերաբերմունք և գործողություն: Հայրենասիրությունը կոչ չէ, ոգու և արյան կանչ է… Այս գաղափարով է առաջնորդվում ծնունդով գյումրեցի, լոսանջելեսաբնակ Մարգարիտա Խլղաթյանը: Կործանիչ երկրաշարժից տարիներ անց հաստատվելով ԱՄՆ-ում՝ մասնագիտությամբ դեղագործ, հայրենասեր և ավանդապաշտ այս հայուհին անմասն չի մնացել իր հայրենի քաղաքում, իր երկրում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական անցուդարձին: Նա հաջողակ գործարար է, ունի դեղատների ընտանեկան բիզնես, բայց հոգով և ողջ էությամբ նվիրված է երգարվեստին: Վերջերս Մարգարիտա Խլղաթյանը իրականացրեց իր վաղեմի երազանքը: Լոս Անջելեսի «ԱԼԵՔՍ» թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ նրա հեղինակային մենահամերգը՝ մասնակցությամբ Սփյուռքում ապրող և ստեղծագործող նախաձեռնությանը միացած արվեստագետների: Համերգը բարեգործական էր, ստացված ողջ հասույթը երգահան-երգչուհին փոխանցեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին և իր հարազատ թիվ 10 միջնակարգ դպրոցին՝ վերաշինման նպատակով: Ինչպես ինքն է նշում․ «Իր համար ուրիշի ցավ չկա»: Պարզվում է, որ մեր հերոսուհին, այս բարեգործական համերգից զատ, արդեն հասցրել է տարեսկզբին Գյումրիում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար հագուստի մեկ տասնյակից ավելի ծանրոց ուղարկել: Օգնել է նաև մանկատներում ապրող երեխաներին… Մանրամասները նա ամոթխածությամբ չի ներկայացնում՝ համարելով, որ դրանք կարևոր չեն։ Հույս ունենանք, որ տարեցտարի նման բարեգործությունները հանրապետության զարգացմանը զուգահեռ կսկսեն նվազել և փոխարինվել նշանակալի ներդրումներով։ Իսկ տիկին Խլղաթյանին և նրա պես անկեղծ մղումներով օժտված մեր հայրենակիցներին մնում է մարդկային մեծ շնորհակալություն ասել․․․

«spyurk.info» կամավոր թղթակից Սուսաննա Ասատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով