Լիբանանի հայ համայնքի ներկա սոցիալ-տնտեսական և առողջապահական խնդիրները հեռավար քննարկումներում

Լիբանանի հայ համայնքի ներկա սոցիալ-տնտեսական և առողջապահական խնդիրները հեռավար քննարկումներում
Լիբանանում տիրող տնտեսական ճգնաժամը, համաճարակային վիճակը բարդ իրավիճակի առջև են կանգնեցրել տեղի հայ համայնքին։ Առկա պատկերը ներկայացնելու համար «Զարթոնք» օրաթերթը, «Արև» թերթը և «Սարդարապատ» հայկական շաբաթաթերթը կազմակերպել էին առցանց մամլո լսարան «Լիբանանի Հայօճախի Ներկայ Ընկերատնտեսական Ճգնաժամը. Առողջապահական, Ֆինանսական, Կենցաղային, Կրթական Բարդութիւններ եւ Հետեւանքներ» թեմայով։ Գլխավոր բանախոսը «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական կազմակերպության Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Սերոբ Օհանյանն էր։ «Զում» հեռավար կապով քննարկմանը մասնակցում էին շուրջ 63 օգտատետր, որոնց մեծ մասը Սփյուռքի տարբեր համայնքներից էին։ Հետաքրքիր է, որ սփյուռքահայերի մեջ մասնակիցներ կային նույնիսկ ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Հայաստանից ևս մասնակիցներ կային։ Քննարկումը բացեց «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը։ Շնորհակալություն հայտնելով քննարկմանը միացածներին՝ նա նշեց, որ այս հեռավար հանդիպումը թվով երկրորդն է և այս ձևաչափը շարունակական բնույթ է կրելու։ Այնուհետև Հակոբյանը քննարկումը համակարգելու համար խոսքը փոխանցեց Հայկազյան համալսարանի պրոֆեսոր Անդրանիկ Դաքեսյանին։ Վերջինս ներկայացրեց բանախոսին։ Օհանյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է առողջապահական և սոցիալական աջակցության տարբեր հարցերով։ Լիբանանում իրենք ունեն երկու կենտրոն։ Դրանք գտնվում են Բուրջ Համուդ հայահոծ քաղաքում և Այնճար հայկական ավանում։ Սերոբ Օհանյանը տվյալների հետաքրքիր համեմատություն կատարեց։ 2011 թվականին իր ղեկավարած կառույցին տարբեր հարցերով դիմել էին ընդամենը 75 մարդ, որոնց մեջ կային հայեր և այլ ազգի ներկայացուցիչներ։ 2020 թվականի դրությամբ այդ թիվը հասել է 435-ի, որոնցից 250-ը բժշկական աջակցության կարիք ունեցող անձիք են։ Այդ 250-ից 125-ը հայեր են, որոնցից 25 առաջին անգամ են այցելում «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական կազմակերպություն։ Մյուս կողմից սոցիալական խնդիրներ ունեցող օրական 25 հայ են ընդունում։ Նրանց փորձում են աջակցել առօրյա հոգսերում՝ ընդհուպ մինչև ուտելիքի ապահովման հարցում։ Օհանյանը հավելեց, որ ներկա պահին իրենց մոտ արձանագրվել է 150 հայ տարեց, որոնք բժշկական ծառայությունների և խնամքի կարիք ունեն։ Հայտնի է, որ Լիբանանի հայ համայնքը վերջին շրջանում համալրվել է նաև սիրիահայ գաղթականներով։ Այս մասով նա նշեց, որ 2011 թվականից սկսած իրեն հայտնի են Լիբանան գաղթող սիրիահայեր։ Նրա խոսքով հնարավորություն ունեցող բավականին մեծ թվով սիրիահայեր Լիբանանից արտագաղթել են Եվրոպա և Ավստրալիա։ 2020 թվականի դրությամբ Լիբանանում հիմնականում մնացել են նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել արտագաղթելու։ Հարցին, թե որքա՞ն սիրիահայ ընտանիք է այսօր Լիբանանում գտնվում՝ Օհանյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ իրենց կազմակերպությունում արձանագրվել է շուրջ 300 սիրիահայ ընտանիք։ Անդրադառնալով լիբանանահայության ներկա սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Օհանյանը շեշտեց, որ առողջապահական խնդիրներից զատ, տնտեսական ճգնաժամին զուգահեռ, սրվել է շատ հայ ընտանիքների սոցիալական վիճակը։ Խնդիրներից կարևորը գործազրկությունն է։ Օհանյանը, Դաքեսյանի այն հարցումին, թե Լիբանանի հայ բնակչության համատեքստում ի՞նչ տոկոս են կազմում կարիքավոր ընտանիքները, նշեց իրեն հայտնի համայնքային կառույցներում արձանագրված կարիքավոր հայ ընտանիքների թվերը։ Ըստ Օհանյանի խոսքը գնում է շուրջ 8000 հայ կարիքավոր ընտանիքի մասին։ Օհանյանը, սակայն, նշեց, որ չունի վիճակագրական տվյալներ այն մասին, թե ի՞նչ տոկոս են կազմում կարիքավորները ընդհանուր լիբանահայության թվի համեմատ։ Սևակ Հակոբյանը այս հարցմանն ի պատասխան հավելեց, որ մոտավոր տվյալներով այդ կարիքավորների թիվը Օհանյանի հաղորդած 8000 ընտանիքների մասով համայնքի հայության կեսն է կազմում։ Դաքեսյանը արձանագրեց, որ այդ թվի մեջ չեն մտնում խառը ամուսնությունների մաս կազմող հայերը։ Օհանյանը կարևորեց այն փաստը, որ համայնքային բոլոր հայկական կառույցները փորձում են միասնաբար դիմագրավել ներկա մարտահրավերներին։ Սակայն համագործակցության մասով դեռ շատ հարցեր են մնում, որոնք տակավին չեն հասել լուծման անհրաժեշտ մակարդակի։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ բոլոր այդ կառույցների ներկա հնարավորություններն, այնուամենայնիվ, բավարար չեն և հավելյալ արտաքին ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ։ Այդ աջակցությունը նա առաջին հերթին տեսնում է համաշխարհային տարբեր կառույցների հետ համագործակցության մեջ։ Հայաստանի հետ համագործակցության մասով նշված հարցին Օհանյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչպիսի աջակցություն և գործակցություն կա։ Լիբանանի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական կազմակերպության 2020 թվականի բյուջեն, ըստ Օհանյանի, ձևավորվել է երկու ուղղությունից։ Առաջինը Կարագյոզյան հիմնարկի կենտրոնական գրասենյակից ստացված մոտ 700000 ԱՄՆ դոլարն է, իսկ երկրորդը՝ արտաքին կառույցներից և լիբանանյան պետական կազմակերպություններից ստացված մոտ 900000 ԱՄՆ դոլարը։ Քննարկումը ամփոփելով՝ Սևակ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Օհանյանին իր արժեքավոր զեկուցման համար։ Հակոբյանը մատնանշեց, որ վաղուց ծանոթ լինելով «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական կազմակերպությանը՝ միայն այսօր է տեղեկանում, թե որքան համեստ բյուջե ունի նրա լիբանանյան կառույցը։ Եվ սա հակառակ այն բանի, հավելեց Հակոբյանը, որ այսօր շատ հայկական կառույցներ բազմամիլիոնանոց բյուջեներով հանդերձ չեն կատարում այն գործը, որը այսօր իրականացնում է կազմակերպությունը։ Հակոբյանը ընդգծեց, որ Լիբանանում տիրող վիճակը հավանաբար երկար է շարունակվելու և մնում է միայն համբերատար ու միասնաբար հաղթահարել առկա մարտահրավերները։
Հիշեցնենք, որ «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական կազմակերպությունը Լիբանանում գործում է 1941 թվականից։ Նրա կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով