Հակահայկական ակցիաներ Լիբանանում.լիբանանահայ լրագրողը սպառնալիքների թիրախ

Հակահայկական ակցիաներ Լիբանանում.լիբանանահայ լրագրողը սպառնալիքների թիրախ
Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքի հայազգի լրագրող Նշան Տեր-Հարությունյանը հայտնվել է մի շարք ծայրահեղականների սպառնալիքների թիրախում։ Լրագրողը իր վարած թոք-շոուի շրջանակներում  քաղաքական գործիչ Ուիամ  Ուահապի հետ հարցազրույցի ժամանակ խոսել էր նաև Թուրքիայի ներկա իշխանությունների բացասական  դերի, նրա ժխտողական քաղաքականության մասին։ Այս ամենից հետո իրենց Օսմանյան կայսրության ժառանգորդ համարող մի շարք անձիք սկսել են պաշտպանել Էրդողանին, արդարացրել են Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը։ Լայն քննարկումներ են ծավալվել Թվիթթերում։ Թվիթթերյան հարթակում անպարկեշտ արտահայտություններով և սպառնալիքներով չբավարարված ծայրահեղականները, խմբեր կազմելով, հասել են հեռուստաընկերության փողոց և հայերի հասցեին անպարկեշտ վանկարկումներ կատարելով՝ պարզել են Թուրքիայի դրոշները։ Այս կապակցությամբ հակահայկական լայնածավալ քարոզչություն է սկսվել նաեւ թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներում: Այդ հարթակներում հոդվածներ են հրապարակվում, որտեղ լիբանանահայ լրագրողին մեղադրում են երկրում ծավալվող մեծամասշտաբ ցույցերը հրահրելու մեջ: Եվ սա այն դեպքում, որ տևական ժամանակ է Լիբանանում սոցիալական մեծ դժգոհությունների ալիք է բարձրացել՝ մերթընդմերթ վերածվելով բազմահազարանոց ցույցերի։ Այս մասին դժվար թե թուրք-ադրբեջանական քարոզիչները տեղյակ չլինեին։ Հայտնի է դարձել, որ Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին նման հակահայ դրսևորումների հարցով կապ է հաստատել երկրի անվտանգային պատկան մարմինների ղեկավարների հետ և ստացել նրանց վստահեցումները ծայրահեղական նմանօրինակ դրսևորումները կանխելու պատրաստակամության մասին։
Լիբանանի հայկական համայնքը ուրույն տեղ է զբաղեցնում լիբանանյան համայնքային կառուցվածքով հայտնի պետությունում։ Ավելին, այս արաբական երկիրը հասցրել է նաև ժամանակին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նման զարգացումները թուրքական իշխանություններին մշտապես մղել, և հավանաբար, կշարունակեն մղել Լիբանանում հակահայ քաղաքականության ակտիվացման։ Եվ սա տեղի է ունենում մերձավորարևելյան տարածաշրջանի ապաքրիստոնեացման  գործընթացների համատեքստում․․․

«spyurk.info» կամավոր թղթակից Օֆելյա Արսենյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով