Սփյուռքի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին․ Սամարա

Սփյուռքի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին․ Սամարա
2020 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ազդարարող 75-րդ տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս կազմող այս պատմական օրը երկար տարիներ մեծ շուքով նշել են նախկին Խորհրդային Միության հանրապետություններում։ Այս հաղթանակին իրենց մասնակցությունն է բերել նաև Հայ սփյուռքը, որի ճնշող մեծամասնությունը ներկայացնում էին հետխորհրդային հանրապետություններում ապրող մեր հայրենակիցները։ Մերօրյա իրականության պայմաններում այդ հանրապետություններում ապրող հայորդիները շարունակում են վերոհիշյալ ավանդույթները՝ այցելելով պատերազմի մասնակից հայորդիներին։ Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում ապրող մեր հայրենակիցները «spyurk.info»-ին պատմեցին նման օրինակի մասին։
«Սամարայի տարածաշրջանային հասարակական կազմակերպության «Հայ համայնքի» ակտիվիստները այցելության էին գնացել Հայրենական Մեծ պատերազմի վետերան, գնդապետ Նիկոլայ Սիմոնյանին:
Մայիսի 9-ը Սիմոնյանի համար կրկնակի տոն է։ Հաղթանակի օրը նաև պարոն Սիմոնյանի ծննդյան օրն է:  Այս տարի Նիկոլայ Իվանին  դարձավ 96 տարեկան:
18-ամյա շարքային Սիմոնյանը հաջողությամբ ավարտել էր սերժանտի դասընթացները և ստացել ավագ սերժանտի կոչում։ Նա ուղարկվել է պահեստային վաշտ, որը տեղակայված էր Ստալինգրադի (ներկայի Վոլգոգրադ քաղաք) մոտակայքում:  Արդեն 1942 թվականի աշնանը նա մասնակից էր դարձել Հայրենական մեծ պատերազմի վճռորոշ ճակատամարտերից  Ստալինգրադի հերոսամարտին։ Նա մասնակցել է Անդրկովկասի, Ստալինգրադի, Ուկրաինայի 1-ին ռազմաճակատի ռազմական գործողություններին։ Պատերազմից հետո Նիկոլայ Սիմոնյանը ավարտել է ռազմական ուսումնարանը և դարձել սպա:  Բանակային ծառությանը նա նվիրել է 35 տարի։
Խորհրդային Միության զինված ուժերից Սիմոնյանը զորացրվել է որպես գնդապետ:  Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Կարմիր աստղի շքանշանով։ Նա ստացել է նաև «Ստալինգրադի պաշտպանության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ 1941-1945 թթ տարած հաղթանակի համար», «Քաջության համար» և այլ շքանշաններ։
Վետերանի ընտանիքում կա սերունդների շարունակականություն` որդին փոխգնդապետ է, թոռնիկը` մայոր:»,- պատմում են Սամարայի մեր երիտասարդ հայրենակիցները։
«Մենք անկեղծորեն հպարտ ենք մեր հայրենակցով, հիշում ենք ու չենք մոռանա բոլոր հերոսների սխրանքները։»,-ամփոփում են իրենց խոսքը հայ երիտասարդները։
Իսկապես այս մեծ պատերազմը իր մեծագույն զրկանքների և կորուստների հետ մեկտեղ տվել է բազմաթիվ հերոսներ, որոնց թվում քիչ չեն նաև հայերը։ Այսօր այդ պատերազմի մասնակիցների թիվը խիստ նվազել է։ Նրանցից յուրաքանչյուրը արժանի է հոգատարության և պատշաճ վերաբերմունքի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով